Jump to content

Պտղոմեոս XV Կեսարիոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Պտղոմեոս Կեսարիոն
Πτολεμαίος Καισαρίων
Կեսարիոնի կիսանդրին, պահվում է Ֆիլադելֆիայում՝ Ֆրանկլինի ինստիտուտում
Դրոշ
Դրոշ
Վերին և Ստորին Եգիպտոսի փարավոն
մ․թ․ա․ 44 թվական - մ․թ․ա․ 30 թվական
Նախորդող Կլեոպատրա
Հաջորդող տիտղոսը վերացվում է
 
Մասնագիտություն՝ գերիշխան
Դավանանք եգիպտական բազմաստվածություն
Ծննդյան օր հունիսի 23, մ. թ. ա. 47
Ծննդավայր Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս
Վախճանի օր մ. թ. ա. 30
Վախճանի վայր Ալեքսանդրիա
Դինաստիա Պտղոմեոսներ
Քաղաքացիություն Հին Եգիպտոս
Հայր Հուլիոս Կեսար[1]
Մայր Կլեոպատրա[2][1]

Պտղոմեոս XV, ամբողջական անվանմամբ՝ Պտղոմեոս Ֆիլոպատոր Ֆիլոմետար Կեսար (հուն․՝ Πτολεμαίος Φιλοπάτωρ Φιλομήτωρ Καίσαρ, հունիսի 23, մ. թ. ա. 47, Ալեքսանդրիա - մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա), առավել հայտնի է որպես Կեսարիոն, Վերին և Ստորին Եգիպտոսի փարավոն, Պտղոմեոսյան հարստության վերջին ներկայացուցիչը, որն իշխել է մ․թ․ա․ 44-30 թվականներին։ Կեսարիոնի ունեցած փարավոնի տիտղոսը անչափահաս լինելու պատճառով կրում էր ձևական բնույթ․ իրականում Եգիպտոսի ամբողջ իշխանությունը կենտրոնացած էր նրա մոր՝ Կլեոպատրա թագուհու ձեռքում։

Մոր և նրա սիրեկան Մարկոս Անտոնիոսի մահվանից հետո Պտղոմեոս Կեսարիոնը կառավարում է որպես միահեծան ղեկավար, սակայն մի քանի օր անց մանկահասակ տարիքում սպանվում է եռապետ, ապագա Օգոստոս և Կեսարի որդեգիր Օկտավիանոսի ձեռքով։ Այդ քայլով Օկտավիանոսը ցանկանում էր ազատվել իր ապագա միահեծանության կայունությանը սպառնացող հնարավոր գործոնից։ Լինելով Հուլիոս Կեսարի միակ կենսաբանական որդին (այս փաստը գիտական շրջանակներում միանշանակ չէ, սակայն այդ մասին հավաստում են պատմիչների ճնշող մեծամասնությունը)՝ Պտղոմեոս Կեսարիոնը հավակնում էր տիրել ոչ միայն եգիպտական, այլ նաև Հռոմի կայսերական գահին, մինչդեռ հռոմեական իրավունքի տեսանկյունից՝ վերջինս ապօրնածին էր (peregrinus) և չէր կարող ունենալ այդօրինակ հավակնություններ։

Վաղ տարիների կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կլեոպատրան որդուն՝ Պտղոմեոս Կեսարիոնին ցույց է տալիս հոր՝ Հուլիոս Կեսարի դիմաքանդակը:

Կեսարիոնը (անունը հունարենից թարգմանաբար նշանակում է «փոքրիկ Կեսար») ծնվել է մ․թ․ա․ 47 թվականի հունիսի 23-ին Ալեքսանդրիայում։ Նրա մայրը Եգիպտոսի թագուհի Կլեոպատրան էր, որը պնդում էր, որ Կեսարիոնը իր և Հռոմի դիկտատոր Հուլիոս Կեսարի որդին է։ Կլեոպատրան հավաստում էր, որ Կեսարիոնը ժառանգել է իր հոր արտաքինն ու վարվալաձևը, մինչդեռ ինքը՝ Հուլիոս Կեսարը, վերջինիս չի ճանաչել որպես իր պաշտոնական որդի։ Կեսարի մտերիմներից Գայոս Օպիոսը գրավոր աշխատությունում փորձում էր ապացուցել, որ Կլեոպատրան և Կեսարը չունեն ընդհանուր որդի։

Այնուամենայնիվ, այս հանգամանքը չէր խանգարում Եգիպտոսի ապագա փարավոնին կրել «Կեսար» անունը[3]։ Որոշ բժշկական աղբյուրներում նշված է, որ Կեսարիոնը տառապել է էպիլեպսիայով՝ ժառանգական հիվանդություն, որը ըստ երևույթի փոխանցվել է հորից[4]։ Գիտնականների մի մասը հակառակ է արտահայտվում այս դիրքորոշմանը, պնդելով, որ էպիլեպտիկ նոպաների մասին առաջին հիշատակումները ի հայտ են գալիս միայն և միայն 20-րդ դարի վեպերում։ Այսկերպ, ուսումնասիրողները հերքում են նաև Կեսարի՝ էպիլեպսիայով հիվանդ լինելու հանգամանքը[5]։

Կեսարիոնի կյանքի առաջին տարիները (մ․թ․ա․ 46-44 թվականներ) անց են կացվել Հռոմում։ Կլեոպատրան հույս ուներ, որ իր որդին մեծանալով կկարողանար իրավահաջորդության կարգով դառնալ Հռոմեական հանրապետության հաջորդ ղեկավարը՝ միևնույն ժամանակ ժառանգելով նաև Եգիպտոսը։ Հուլիոսի սպանությունից հետո՝ մ․թ․ա․ 44 թվականի մարտին, Կլեոպատրան և Կեսարիոնը վերադառնում են Ալեքսանդրիա։ Նույն տարվա սեպտեմբերի 2-ին Կեսարիոնն ընդունում է Պտղոմեոս XV Ֆիլոպատոր անունը՝ դառնալով Վերին և Ստորին Եգիպտոսի փարավոն (մոր գահակցությամբ)։ Այդ ժամանակ Կեսարիոնը դեռևս երեք տարեկան էր և այդ տիտղոսը կրում էր միայն ձևական կերպով։ Կլեոպատրան իր և որդու հարաբերությունները համեմատում էր եգիպտական Իսիդա աստվածուհու և վերջինիս որդու՝ փարավոնների իշխանության հովանավոր Հորի հետ։ Մ․թ․ա․ 44-ից մինչև մ․թ․ա․ 36 թվականների ընթացքում Կեսարիոնի կյանքում տեղի ունեցած իրադարձությունների մասին պատմագիտական աղբյուրները բացակայում են[6]։

Փարավոնի պաշտոնում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Պտղոմեոս XV-ի արձանը՝ հայտնաբերված Հռոմեական Հիսպանիայից:

Մ․թ․ա․ 34 թվականին տեղի է ունենում այսպես կոչված Ալեքսանդրիական նվիրատվությունը, որի շրջանակներում Հռոմի եռապետ Մարկոս Անտոնիոսը Կեսարիոնին, ինչպես նաև իր և Կլեոպատրայի մյուս երեք երեխաներին էր կտակում Հռոմեական հանրապետության արևելյան պրովինցիաները[7]։ Միևնույն ժամանակ նա Կեսարիոնին հռչակում էր աստված, աստծո որդի և «արքաների արքա»։ Այսօրինակ տիտղոսաշարը աննախադեպ էր կամակատար երկրի առաջնորդի համար և Հռոմեական սենատի կողմից դիտարկվում էր «սպառնալիք հռոմեացիների մեծամասնության համար»։ Պտղոմեոս Կեսարիոնը այդ ակտով ճանաչվում էր դիկտատոր Հուլիոս Կեսարի իրական որդի և ժառանգ։ Սա բացահայտ սպառնալիք էր միահեծանության ձգտող Օկտավիանոսի համար (իրեն հռչակել էր «Կեսար»), քանզի վերջինիս իշխանական գլխավոր լծակը իր՝ Կեսարի որդեգիրն ու իրավահաջորդը լինելու հանգամանքն էր։ Այսպիսով, այս նվիրատվությունը առոչինչ ճանաչելու նպատակամղմամբ էլ Օկտավիանոսը արշավում է Եգիպտոս և բացահայտ պատերազմ սկսում Մարկոս Անտոնիոսի ու Կլեոպատրայի դեմ[8]։

Մ․թ․ա․ 31 թվականին տեղի է ունենում Ակցիումի ճակատամարտը, որտեղ Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի զորքերը ջախջախիչ պարտություն են կրում Օկտավիանոսի լեգեոններից[9]։ Հընթացս Կլեոպատրան հրաժարվում է «Վերին և Ստորին Եգիպտոսի թագուհի» տիտղոսից՝ Կեսարիոնին դարձնելով Պտղոմեոսյան տերության միակ ղեկավարը։ Հնարավոր է, որ նա մտադրված էր իր սիրեկանի հետ փախչել Եգիպտոսից, քանի որ նույնիսկ պատերազմից հետո Մարկոս Անտոնիոսը կարծում էր, որ կարող է Լեպիդոսի պես լքել քաղաքականությունը և չկրել այլ պատիժ։ Օկտավիանոսը կտրականապես մերժում է Անտոնիոսին, որն էլ շուտով ինքնասպան է լինում։ Կլեոպատրան Կեսարիոնի (վերջինս այդ ժամանակ արդեն 17 տարեկան դեռահաս էր) անվտանգությունից ելնելով նրան ուղարկում է Հնդկաստան։ Պլուտարքոսը նշում է, որ նա ուղևորվում էր Հնդկաստան, մինչդեռ համակված էր եգիպտական թագը վերականգնելու ձգտմամբ[10]։

Կեսարիոնը, որը Կլեոպատրայի հավաստմամբ Հուլիոս Կեսարի որդին էր, իր մոր նախաձեռնությամբ շատ գանձերով ուղարկվում է Հնդկաստան՝ Եթովպիայի կողմով։ Այստեղ սակայն նրա դաստիարակներից Հռոդոնը վերջինիս համոզում է վերադառնալ Եգիպտոս՝ ասելով, թե Կեսարը (Օկտավիանոսը) վերջինիս հրավիրել է ստանձնելու թագավորության ղեկը։

Մ․թ․ա․ 30 թվականի օգոստոսի 1-ին Օկտավիանոսը գրավում է Ալեքսանդրիան՝ պաշտոնապես անեքսիայի ենթարկելով ամբողջ Եգիպտոսը։ Հաջորդիվ մեկը մյուսի ետևից ինքնասպանություն են գործում Անտոնիոսը և Կլեոպատրան[11]։ Փառքի ձգտող Կեսարիոնը իր դաստիարակներին լսելով վերադառնում է Եթովպիայի ճանապարհից։ Այստեղ նա մահապատժի է ենթարկվում Օկտավիանոսի կողմից (նրա խորհրդականներից Արիոս Դիդիմոսը պնդում էր, որ «չափազանց շատ Կեսարները լավ չեն»։ Ընդունված է համարել, որ Կեսարիոնը խեղդամահ է եղել, սակայն նրա սպանության իրական հանգամանքները բացահայտ չեն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Цезарион (ռուս.) // Энциклопедический словарьСПб.: Брокгауз — Ефрон, 1903. — Т. XXXVIIа. — С. 891.
  2. Любкер Ф. Caesarion (ռուս.) // Реальный словарь классических древностей по Любкеру / под ред. Ф. Ф. Зелинский, А. И. Георгиевский, М. С. Куторга, Ф. Гельбке, П. В. Никитин, В. А. КанскийСПб.: Общество классической филологии и педагогики, 1885. — С. 234.
  3. Duane W. Roller, Cleopatra: A Biography, Oxford University Press US, 2010, pp. 70-3
  4. Hughes J.R. (2004 թ․ հոկտեմբեր). «Dictator Perpetuus. Julius Caesar – Did he have seizures? If so, what was the etiology?». Epilepsy Behav. 5 (5): 765–764.
  5. Francesco M. Galassi; Hutan Ashrafian (2016). Julius Caesar's Disease. A New Diagnosis. Pen and Sword Books. էջեր 45–46.
  6. Rolf Strootman (2010). «Queen of Kings: Cleopatra VII and the Donations of Alexandria». In M. Facella; T. Kaizer (eds.). Kingdoms and Principalities in the Roman Near East. Occidens et Oriens. Vol. 19. Stuttgart, DE: Franz Steiner Verlag. էջեր 139–158.
  7. Meyer Reinhold (2002). Studies in Classical History and Society. US: Oxford University Press. էջ 58.
  8. Burstein, Stanley Mayer (2007). The Reign of Cleopatra. University of Oklahoma Press. էջ 29.
  9. Roller, Duane W. (2010). Cleopatra: A Biography. Oxford, UK: Oxford University Press. էջեր 178–179. ISBN 9780195365535.
  10. Plutarch, Life of Antony. As found in the Loeb Classical Library, Plutarch's Lives: With an English Translation by Bernadotte Perrin. Volume 9. p. 321.
  11. Pat Brown (2013 թ․ փետրվարի 19). The Murder of Cleopatra: History's Greatest Cold Case. Prometheus Books.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պտղոմեոս XV Կեսարիոն» հոդվածին։